38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մի օր էլ դուք հատեք էդ անտեր փողոցը

Մի օր էլ դուք հատեք էդ անտեր փողոցը
29.09.2009 | 00:00

2009-ի հուլիսի 18-ին նամակով դիմեցի Երևանի քաղաքապետարան` օգտվելով «Բաց պատուհան»-ից։ Ինչպես ընդունված է` ներկայացրի դիմումս, սպասեցի հերթիս, բացատրեցի խնդրի էությունը և, անձնագրիս կրկնօրինակը տեղա-զննման ներկայացնելով, ստացա բաղձալի ծանուցումը։ Երևանի զինանշանով «օրհնված» այս յուրատեսակ թուղթ-կտրոնը բավականին զորավոր ներգործություն է ունենում դիմող-քաղաքացու վրա, կարգավորում նրա հոգեկան աշխարհը, լիցքաթափում նյարդերը։ Վերցնում ես ծանուցագիրը, դուրս գալիս քաղաքապետարանի աշտարակից, ու թվում է` արևն ավելի պայծառ է, կանաչն ավելի վառ, տնտեսական առաջընթացն էլ` իրականություն։ Քանզի ծածկագրում խորհրդավոր կոդավորում է, ընդգծումներ, հեռախոսաշարք և համակարգչային այլ «ցնցակաթվածներ»։ Օրինակ, ծածկագիրը ներառում է միահյուսված թվանիշ` 20621200909181։ Տպավորիչ է, անշուշտ։ Մուտքի օպերատորն իր հերթին է ծածկագրված։ Իմ նամակի պարագայում այն 2052-ն է։ Ծանուցումը միաժամանակ պարունակում է էական մի նշագրում ևս` բավականին խորհրդավոր կերպով անվանակոչված «բանալի»։ Այսինքն` բանալի կա «քաղաքապետարանի բյուրոկրատական մնացուկների դեմ պայքարելու և նրանց հայտնաբերելու դեպքում` անարգանքի սյունին գամելու»։ Սակայն դառնանք «մեր Ռևազի ոչխարներին», այսինքն` մեր տանջահար հարցին։ Եվ այսպես, իմ նամակում բարձրացվել էր Շիրազի փողոցում վերգետնյա անցում կառուցելու հարցը, մի բան, որը հուզում է հազարավոր այն մարդկանց, ովքեր օրվա ընթացքում նվազագույնը երկու անգամ, բառացիորեն կյանքը վտանգելով, հատում են մայրուղին` աշխատանքի կամ ուսման ուղևորվելիս և տուն վերադառնալիս։
Անտեղյակներին հուշեմ` Շիրազի մայրուղին Երևանը կապում է հանրապետության հյուսիս-արևմտյան մարզերի հետ և հանրապետություն մուտք գործող գլխավոր մայրուղին է, ուր երթևեկությունը չի դադարում զօր ու գիշեր։ Այստեղ վրաերթերը, ըստ էության, սովորական բան են։ Այլ կերպ չի էլ կարող լինել։ Մեծ արագությամբ սլացող բեռնատարների և մարդատարների առջևից փախչող հետիոտները պարզապես հալածված նապաստակների են նման։ Եթե հավելենք, որ այս փողոց-մայրուղին միաժամանակ բավականին զարգացած առևտրական միջավայր է, պատկերը, թերևս, կամբողջանա։
Շիրազի փողոցի բազմաթիվ բարձրահարկերի բնակիչների համար մեջբերենք նախկին անդրադարձը` Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի պատասխանը. «Երևանի քաղաքապետարանին հասցեագրված Ձեր 23.07.2009 թ. հ.Ա-3628 դիմումի կապակցությամբ` Շիրազի փողոցի վրա վերգետնյա անցում կառուցելու առաջարկության վերաբերյալ, հայտնում ենք, որ բարձրացված հարցն ընդունվել է ի գիտություն, և այն կքննարկվի քաղաքապետարանի կողմից` ներկայումս ընթացքի մեջ դրված վերգետնյա անցումների կառուցման լայնամասշտաբ ծրագրի շրջանակներում, անցումների տեխնիկական լուծումների և դրանց իրականացման ֆինանսական հստակեցումից հետո` ըստ առաջնահերթության։ Հարցը քննարկվել է նաև քաղաքապետարանի շինարարության, բարեկարգման և տրանսպորտի վարչություններում, որոնք, հաշվի առնելով Շիրազի փողոցի տրանսպորտային հոսքերը, առարկություն չունեն դրա իրականացման կապակցությամբ»։
Կեցցե՛ք, տիարք և տիկնայք քաղաքապետարանականներ։ Պատասխանը ցնցող է, առարկություն չունեք։ Հավանաբար ժամանակ չունեք` մանր-մունր բաների վրա գլուխ ցավեցնելու։ Շատ ավելի կարևոր գործեր կան, ասենք, քաղաքապետի շրջայցերը մայրաքաղաքի զբոսայգիներ։ Իսկ մինչ «լայնամասշտաբ ծրագրերի» իրականացումը` անցորդներն ահուդողով թող հատեն փողոցները։
«Պադո՛ւմաեշ»։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2685

Մեկնաբանություններ